Իրաքը կշարունակի ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը բոլոր բարեկամ և հարևան երկրների, այդ թվում Իրանի հետ։ Այդ մասին նախօրեին չհայտարարված այցով Բաղդադ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին։

Mehr գործակալության հաղորդագրության համաձայն, Ադել Աբդուլ-Մահդին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հանդիսանում է Իրաքի կարևոր ռազմավարական գործընկերը։ Նա նշել է, որ Իրաքն իր արտաքին քաղաքականությունում առաջնորդվում է սեփական ազգային շահերով և ձգտում է բոլոր խնդիրները լուծել ազնիվ և կառուցողական երկխոսության միջոցով։

Իրաքյան նորությունների «Ալ-Նահրեյն» կայքը մեջբերում է «Հաղթանակի կոալիցիայի» անդամ Մուհամեդ Մահդի ալ-Բայաթիի պնդումն այն մասին, որ Պոմպեոյի այցի նպատակն է խնդրել Բաղդադին միջնորդ հանդիսանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։