Վրաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը շատ բարձր է, հայտնում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:

Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից կատարած հետազոտության, Վրաստանում երեխաների եւ հղիների մահացության թիվը շատ բարձր է: Հղիների մահացության քանակով Վրաստանը Եվրոպայի 47 երկրների մեջ 44-րդ տեղում է գտնվում, ինչը Վրաստանի նման պետության համար վտանգավոր թիվ է: Ինչ վերաբերում է մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության թվին, ապա Եվրոպայի 47 երկրների մեջ Վրաստանը 47-րդ տեղում է:

Ըստ գործակալության, պաշտոնական տվյալներով, Վրաստանում աղքատ ընտանիքների թիվը կազմում է մեկ միլիոն 800 հազար: Այդ ընտանիքները անգամ սնունդ գնելու կամ իրենց անհրաժեշտ դեղամիջոցով ապահովելու տարրական հնարավորություն չունեն:

Ինչպես հայտնում է Թբիլիսիի առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն, Վրաստանին անհրաժեշտ է հիմնովին նորմալ առաջնային առողջապահական համակարգ:

«Դա անհրաժեշտ է յուրաքանչյուր պետությանը, քանի որ առանց նման համակարգի ոչ մի պետություն չի գոյատեւի: Չնայած այս ամենը Վրաստանի ղեկավարությանը չի էլ հուզում, նրանք միայն մեծ եմծ խոսում են»,- հայտարարել է առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը: