Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում մայիսի 8-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի եւ Խորհրդային Միության հաղթանակի 74-ամյա տարելիցին՝ հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հանրապետությունում հավատարմագրված մի շարք դեսպանությունների աշխատակիցներ, խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ եւ ՊՆ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչներ։

Ռուսաստանի եւ Հայաստանի պետական հիմների կատարումից հետո հանդիսավոր ընդունելությանը ելույթով հանդես է եկել Հայաստանու ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մայիսի 9-ը հատուկ եւ իսկապես համաժողովրդական, մեր ընդհանուր տոնն է։ Սակայն այն ոչ միայն պատմական ամսաթիվ է, այլ նաեւ հիշեցում է այն անչափ բարձր գնի մասին, որը վճարել են մեր ժողովուրդները խաղաղության համար։ Այդ պատճառով Հաղթանակի օրը շատ կարեւոր հիշեցում եւ նախազգուշացում է անցյալի ողբերգական սխալները կրկնելու անթույլատրելիության մասին։ Այսօր այդ հիշեցումը ավելի քան երբեւէ արդիական է։ Մենք խնամքով ենք վերաբերում մեր անցյալին։ Նրանում մենք փնտրում ենք այն հենարանը եւ այն աղբյուրը, որն ընդունակ է ամրապնդել մեր ոգին, մեր բարոյական ուժերը»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանը։

Կոպիրկինը ընդգծել է, որ անհրաժեշտ է տեսնել մեր պարտքը անցյալի մասին այն հուշերի պահպանման մեջ, որը նա փառապանծ, բայց միեւնույն ժամանակ ողբերգական է անվանել։ «Ինչպես նաեւ թույլ չտալ այն գաղափարների վերածնունդը, որոնք ծնել են սարսափելի ողբերգությունը։ Հաստատակամորեն եւ հետեւողականորեն կդիմակայենք մոռացման մատնելու եւ պատմությունը կեղծելու, ազատությունը իրենց կյանքի գնով նվաճած զինվորների հերոսությունը նվաստացնելու փորձերը։ Մենք միշտ կհիշենք, որ հենց Խորհրդային Միությունը եւ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն են ընդունել իրենց վրա ամենահզոր հարվածը եւ որոշիչ դեր են խաղացել նացիզմի ջախջախման մեջ»,- ասել է ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը։ Նա նաեւ նկատել է, որ հենց խորհրդային զինվորն է կատարել անմահ հերոսությունը, որի մեծությունը չի մթագնվի դարերում։

«Ռուսաստանը բարձր է գնահատում այն դաշնակցային եղբայրությունը, որը միավորել է խորհրդային ժողովրդին։ Ես ուրախ եմ, որ պատիվ ունեմ այս տոնեը նշել այստեղ, հայկական հողի վրա։ Ինձ համար դա հատուկ պատիվ է։ Հայ ժողովուրդը ճակատին տվել է ավելի քան 600 000 զինվոր, վեց դիվիզիա, չորս մարշալ, նավատորմի ադմիրալ եւ ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս։ Եւ ինձ համար հատկապես հաճելի է խոսել այն մասին, որ այստեղ, Հայաստանում ես տեսա, որ պատերազմի, մեր ընդհանուր հերոսության հիշատակը սրբորեն հարգվում է։ Դա եւ երկրով մեկ հսկայական թվով հուշարձաններն են, հուշահամալիրները, թանգարանները, եւ հայ ժողովրդի հերոսության կենդանի արտացոլումը երկրի այժմյան կյանքում»։

Իր ելույթի վերջում դեսպանը վետերաններին եւ ընդունելության մասնակիցներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ։