Առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Վրաստանում  կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ եւ վրացի մասնագետների համատեղ համաժողով։ Այս առնչությամբ ներկայումս բանակցություններ են տարվում Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Վրաստանում ՏՏ ոլորտի անհատներին եւ ընկերություններին միավորող ասոցիացիայի հետ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հայ- վրացական բիզնես ֆորումի նպատակն է`գտնել գործընկերներ եւ համատեղ բիզնես գործունեություն իրականացնել։

 Նշենք, որ 2011թ. hունվարի 1-ից Վրաստանի ՏՏ ոլորտը ազատվել է հարկերից։ Նախորդող տարվա վերջում Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունները 2011թ. հունվարի 1-ից պետք է ազատվեն հարկերից: Խոսքը, մասնավորապես, արտահանման հարկերի եւ արտերկրում ծավալած գործունեությունից ստացվող եկամտահարկի մասին է:

Հարկերից ազատվելու վերաբերյալ վարցական կառավարության որոշումից հետո հայ գործարարների շրջանում ավելացել է հետաքրքրությունը հենց Վրաստանում աշխատելու նկատմամբ։

«ՏՏ ընկերությունները հետաքրքրված են վրացական շուկա մուտք գործելով եւ իրենց գործունեության շուկաներն ընդլայնելով, սակայն մեր ոլորտի ընկերությունների տեղափոխման դեպք ինձ դեռեւս հայտնի չէ»,- ասաց Կ. Վարդանյանը։

«Մեր նպատակն է` օգնել ՏՏ ոլորտի հայ մասնագետներին ոչ թե հիմնարկը տեղափոխել Վրաստան կամ հակառակը, այլ երկուստեք գործընկերներ գտնել եւ համատեղ բիզնես իրականացնել»,- նշեց Կ. Վարդանյանը։ Նրա խոսքով՝ վրացական կողմը եւս շահագրգռված է այս համագործակցությամբ։