Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ գերմանական ընկերություններին պատժամիջոցներով է սպառնացել, որոնք կորոշեն Իրանի հետ առեւտուր կատարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ասում ենք՝ դու կարող ես Իրանում բիզնեսով զբաղվել, որքան ուզում ես: Բայց եթե դու դա անես, ապա մենք կարող ենք ասել մեր ծանրակշիռ խոսքը, երբ բանը հասնի վիզա ստանալուն, քանի որ համաձայն չենք մեր երկիր քո ժամանմանը»,- հայտարարել է նա հինգշաբթի Bild պարբերականում հրապարակված հարցազրույցում:

Դիվանագետը, միաժամանակ, քննադատել է ՆԱՏՕ-ի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ երկրի ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը պաշտպանության վրա ծախսելուն անպատրաստ լինելը: «Ես երեսպաշտություն եմ համարում այն իրավիճակը, երբ ինչ-որ մեկն ասում է, որ պետք է ՆԱՏՕ-ն բարեփոխել, բայց չի ձգտում 2 տոկոսի նպատակին»,- ասել է Գրենելը: Նա նշել է, որ զարմացած է, թե «որքան շատ գերմանացի քաղաքական գործիչներ են փորձում ցույց տալ՝ իբր 2 տոկոսը ընդամենը նպատակ է, բայց ոչ իրական պարտավորություն»:

ԱՄՆ դեսպանը նաեւ խոստովանել է, թե իրեն զարմացնում է, որ Գերմանիան, հաշվի առնելով իր տնտեսության հզորությունը, չի ձգտում Եվրոպայում «մկաններով խաղալ», այլ շատ հարցերում զսպվածություն է դրսեւորում: