Ճապոնիայի պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժի հետեւանքով Մինամիսանրիկու քաղաքի բնակչության կեսից ավելին համարվում է անհետ կորած, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղական իշխանությունը հայտնել է, որ 17 հազար բնակչից 9,5 հազարի ճակատագիրը մինչ այժմ հայտնի չէ:
Նշենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան հազար մարդ զոհվել է:
Հայաստանի արտգործնախարարության տվյալներով` Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել:
Ներկայումս Ճապոնիայում աշխատում են տարբեր երկրների փրկարար խմբեր: Տոկիոն արդեն պաշտոնապես օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Գերմանիային, Շվեյցարիային, Նոր Զելանդիային եւ Հարավային Կորեային:





























