ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

«Սիրելի՛  հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով եւ հարգանքով, տոն, որը խորհրդանշում է  Հայրենական մեծ պատերազմի ավարտը եւ  մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով եւ մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով:

Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջեւ մղվող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ՝ մենք տվեցինք նաեւ քաջ հերոսներ, անհամար խիզախ զինվորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ոչ միայն հանուն սեփական հայրենիքի, այլեւ հանուն մարդկային քաղաքակրթության պահպանման:

Պատմական զուգադիպությամբ մենք մայիսի 9-ին տոնում ենք նաեւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձություն: Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական եւ փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին, բոլորիս՝ այսքան նշանակալից եւ հաղթական տոնի առթիվ: Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների եւ հերոսների հիշատակի առաջ:

Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի եւ մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»: