Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կաշկանդված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, կարո՞ղ է արդյոք մեկնաբանել ի վերջո նախկին նախագահն ունի՞ սահմանադրական անձեռնմխելիություն, թե՝ ոչ, Թովմասյանն ասաց.

««ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորներն իրավունք չունեն նախօրոք հրապարակայնորեն կարծիք հայտնել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք երբևէ կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Ձեր բարձրացրած հարցը կորող է դառնալ Սահմանադրական դատարանի քննութան առարկա, ուստի ես կաշկանդված եմ այդ հարցին պատասխանել»,–ասաց նա։

Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մայիսի 7–ի որոշումը՝ նշելով, որ եռօրյա ժամկետում այն  կհրապարակվի և հասանելի կլինի հանրությանը։

«Ես Սահմանադրական դատարանի որոշումները չեմ մեկնաբանում»,–նշեց նա։

Հիշեցնենք, մայիսի 7–ին  ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշում էր կայացրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք որ  2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանմ,ան միջոցի վերաբերյալ դատախազի և պաշտպանական կողմի բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել: