Թեհրանն իր օրակարգում ներառել է ԳՀՀԾ-ից աստիճանական դուրս գալը: Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին՝ նշելով, որ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունների կատարումը դադարեցնելու երկրի որոշումը հավասարազոր չէ համաձայնագրից դուրս գալուն, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ Իրանի այդ որոշումը ոչ համաձայնագրից դուրս գալ է, ոչ միջուկային գործարքի խախտում: Նա ընդգծել է, որ ԳՀՀԾ 26 եւ 36 հոդվածները նախատեսում են, որ Իրանն իրավունք ունի մասնակի կամ ամբողջությամբ կրճատել իր պարտավորությունները, եթե մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները:
«Այսօր ոչ ոք աշխարհում չի կարող մեզ մեղադրել ԳՀՀԾ խախտման համար: Սակայն մենք օրակարգում ներառել ենք ԳՀՀԾ-ից աստիճանական դուրս գալը, ինչը նշանակում է, որ մենք ցանկացած փուլում պատրաստ կլինենք վերադառնալ մեր նախորդ պարտավորություններին, երբ մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:
Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի դիվանագիտությանը հնարավորություն եւ մյուս երկրներին ժամանակ տանք իրենց անհաջողությունները փոխհատուցելու համար», - հավելել է նա:
Արաքչին նաեւ կրկնել է Հասան Ռոհանիի զգուշացումն այն մասին, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման համար ՄԱԿ ԱԽ-ին դիմելը Թեհրանի համար «կարմիր գիծ» կդառնա, որը ամբողջությամբ կոչնչացնի ԳՀՀԾ-ն եւ Իրանին կստիպի այլ միջոցներ ձեռնարկել:
Նախօրեին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարի միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կատարումը:
Իրանն այլեւս չի հետեւի սահմանափակումներին, որոնք համաձայնագրով սահմանվել էին հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահպանման համար:
Համաձայնագրի մնացած կողմերին 60 օր է տրվել ԳՀՀԾ շրջանակում իրենց պարտավորությունների կատարման համար, որոնք հատկապես կապված են բանկային եւ նավթային հատվածների հետ:





























