Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտգործնախարարները մարտի 12 –ին կայացած արտակարգի նիստում որոշել են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին`պահանջելով փակել Լիբիայի օդային տարածքը` դադարեցնելու համար կառավարական ուժերի օդային հարվածները:

Որոշումն ընդունվել է` չնայած հարցի վերաբերյալ արաբական երկրների ոչ միանշանակ դիրքորոշմանը: Մասնավորապես որոշմանը դեմ են հանդես եկել Ալժիրն ու Սիրիան` իրենց ելույթներում ընդգծելով, որ Լիբիայի օդային տարածքի փակումը կարող է օգտագործվել որպես առիթ` համակարտությանն օտարերկրյա միջամտության համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ` մարտի  12 –ին ԱՊԼ-ին է դիմել Լիբիայի ժամանակավոր ազգային խորհուրդը` կոչ անելով ճանաչել խորհրդին որպես Լիբիայում միակ լեգիտիմ իշխանություն եւ երկրի ներկայացուցիչ, ինչպես նաեւ աջակցել Լիբիայի օդային տարածքի փակման պլանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Լիբիայում շարունակվում են ժողովրդական ապստամբություններն ընդդեմ երկիրը ավելի քան 40 տարի ղեկավարող Քադաֆիի: Լիբիան փաստացի բաժանվել է երկու մասի` Քադաֆիի վերահսկողության տակ գնվող արեւմուտքի եւ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արեւելքի: