ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Հարավային Կովկաս այցի շրջանակում այսօր ժամանել է Բաքու:
Այցի ընթացքում Աժուբալիսը մտադիր է հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, երկրի քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Աժուբալիսի այցի նպատակը տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության եւ 2011թ. լիտվական նախագահության գերակայությունների քննարկումն է:
ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ընթացքում սա առաջին այցն է տարածաշրջան: Աժուբալիսը Բաքվում կլինի մարտի 13-14-ը, Թբիլիսիում` 15-16-ը, Երեւանում` 17-18 –ը:
Լիտվայի նախագահության գերկայություններից է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների լուծման հարցում առաջընթացը: Հանդիպումներում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ հետ գործակցության, հատկապես Երեւանում եւ Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչությունների հետ, բարեփոխումների աջակցության եւ այլ թեմաներ:
Յուրաքանչյուր մայրաքաղաքում ԱԺուբալիսը կհանդիպի լրատվամիջոցների հետ:





























