ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Երեւան եւ Բաքու այցի շրջանակում մտադիր է տեղեկանալ Սոչիի եռակողմ հանդիպման արդյուքներով երկրների ղեկավարների դիրքորոշումներին եւ կարծիքներին: Այս մասին լրագրողներին ասել է Աժուբալիսը` մարտի 13-ին ժամանելով Ադրբեջան:
«Այցի հիմնական խնդիրներից մեկը Սոչիում կայացած նախագահների վերջին հանդիպման արդյուքների վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանն ու կարծիքին տեղեկանալն է»,-ասել է Աժուբալիսը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Այցի ընթացքում, ըստ Աժուբալիսի, կքննարկվեն նաեւ անվտանգության, կայունության եւ համագործակցության վերաբերյալ հարցեր, որոնք ԵԱՀԿ օրակարգում են:
Մարտի 5-ին Սոչիում բանակցություններ էին վարել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը: Բանակցությունների արդյունքներով ընդունվել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ընդգծվում էր. «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:
Նշենք, որ Աժուբալիսը Բաքվում կլինի մարտի 13-14-ը, Թբիլիսիում` 15-16-ը, Երեւանում`17-18 –ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպումը հանգրվանային էր համարել. «Կա բանակցային հստակ հիմք եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ: Երկարատեւ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են, եւ Սոչիում ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է, որ պայմանավորվածություններն ուղղված լինեն հրադադարի ռեժիմի պահպանմանը»,-ասել էր նախագահը:




























