Բացի կալանավորումից այլ խափնաման միջոց ի զորու չէ չեզոքացնելու Ռոբերտ Քոչարյանի կողմից գործով վկաների նկատմամբ անօրինակա ազդեցության ռիսկը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր մասնակցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով գործով մեղադրանքը ներկայացնող դատախազներից է։
Ըստ Պետրոս Պետորսյանի՝ դեռեւս չեն վերացել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը. այն է՝ վարույթից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու ռիսկը։
Թաքնվելու ռիսկն ըստ մեղադրողի՝ այն է, որ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13–ի որոշումից հետո, ազատության մեջ գտվելու ընթացքում ցանկություն է հայտնել ՀՀ տարածքը լքել եւ այդ կապակցությամբ խնդրանքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննական մարմինը, սակայն այս խնդրանքը որակել է, որպես քննությունից թաքնվելու ռիսկ, քանի որ մեղադրյալը բարձրաձայնել է, որ ցանկանում է երկրի տարածքից դուրս գալ։
Արդյունքում 2018թ. սեպտեմբերի չորիսին որոշում է կայացվել Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս հանգամանքը տարակուսանք առաջացրեց նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ։ Վերջինս, վկայակոչելով մեղադրողի խոսքերն, ասաց.
«Դուք նշեցիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն՝ նա դիմում է ասելով՝ ես ցանկանում եմ դիմել փախուստի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»։
Մեղադրող դատախազը պատասխանեց, որ Քոչարյանի կողմից ՀՀ տարածքից դուրս գալու դիմումը իրենք դիտարկել են երկրի տարածքից դուրս գալու հնարավորություն։
Անդրադառնալով գործով վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու հիմքին, մեղադրողն ասաց, որ թեեւ գործը արդեն դատարանում է, սակայն, հաշվի առնելով Քոչարյանի զբաղեցրած պաշտոնը, այս փուլում էլ մեծ է այլ անձնաց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Խոսքն ըստ նրա՝ այս գործով հարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին է։
«Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորիումից, այլ խափնամնա միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձանց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը»,–հայտարարեց նա։
Նշենք, որ նախքան գործը դատաքննության պատրաստելը, դատավորը պետք է անդրադառնա Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել կամ չլինելու վերաբերյալ հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գեւորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։











