Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմաների խստացումը, որն արտահայտվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ու պահուստավորման նորմատիվի փոփոխությամբ, կարող է բարձրացնել վարկերի տոկոսադրույքը եւ եւ դանդաղեցնել առեւտրային բանկերի վարկային պորտֆելների աճը։ Այսօր՝ մարտի 14-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման պարզաբանում տվեց «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով՝ համարյա բոլոր բանկերն ունեն դրամային իրացվելիության խնդիր եւ արտարժությային գերիրացվելիություն, քանի որ ներգրավվող միջոցների 70-75 տոկոսը արտարժույթով են։ ԿԲ-ն բարձրացրել է դոլարով ներգրավված միջոցներից դրամով կատարվող պահուստավորման չափը, ինչը ստիպում է բանկերին՝ դրամային ռեսուրսների մի մասն ուղղել պահուստավորմանը։ Արդյունքում՝ առաջանում է դրամի դեֆիցիտ, որն էլ ստիպում է բանկերին՝ քայլեր ձեռնարկել դրամ հայթայթելու ուղղությամբ։

Տ. Դավթյանը որպես ֆինանսական շուկայի զարգացումների հնարավոր տարբերակներ նշեց արտարժութային ավանդների տոկոսադրույքի նվազեցումը, կամ դրամային ավանդների տոկոսադրույքի բարձրացումը; Սակայն այդ դեպքում բանկերը կամ ստիպված կլինեն ավելի թանկացնել դրամով տրամադրվող վարկերը, կամ իրենց շահույթների հաշվին կրճատել տոկոսադրույքների մարժան։

Ըստ Տ. Դավթյանի՝ բանկերի միջեւ մեծ մրցակցություն կա, որը հնարավոր է՝ կարգելակի վարկերի տոկոսադրույքների բարձրացումը։ Համենայնդեպս՝  «Կոնվերս բանկն» առաջիկայում նման քայլ չի նախատեսում։ Սակայն բանկը ստիպված է վերանայել իր կանխատեսումները։ «2010 թ. վերջում ակնկալում էինք 2011 թ. ունենալ վարկային պորտֆելի 20 տոկոս աճ։ Սակայն, հաշվի առնելով դրամավարկային պայմանների խստացումները, 5-10 տոկոս աճը բավական լավ ցուցանիշ ենք համարում»,- ասաց «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենը։