Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 14-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հատուկ կարեւորել է քաղաքի գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաեւ շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորումն ու կանաչապատումը: Նա հանձնարարվել է ներկայացնել համապատասխան լուծումներ եւ առաջարկներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եւս մեկ անգամ անդրադարձ է եղել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողներին: Քաղաքապետի հանձնարարությամբ այն կառուցապատողները, ովքեր սահմանված կարգով եւ սահմանված ժամկետում չեն արձագանքել քաղաքապետարանի կողմից ներկայացված նախազգուշացմանը, ապա քաղաքապետարանը կդիմի օրենքով սահմանված միջոցների` դատական կարգով հարցը լուծելու համար:

Կդադարեցվեն եւ համապատասխան տույժեր կկիրառվեն նաեւ վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման եւ կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման խնդիրներին, Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության հեռանկարը Երեւանի երթեւեկությունը միջին տեղատարողության ավտոբուսներով կազմակերպելն է: Այս հարցում եւս քաղաքապետը հանձնարարել է լինել հետեւողական եւ շարունակել դաշտում ներգրավված տնտեսավարողների իրազեկման գործընթացը:  

Հանձնարարվել է աշխատանքները համակարգել եւ կազմակերպել  նաեւ համաքաղաքային գարնանային ծառատունկի հետ կապված:  

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ ուսումնասիրել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթները։