Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին ինքը պետք է տա ժողովրդի աջակցությունը վայելող նախագահի անունը, որպեսզի վերջ դնի այդ երկրում շարունակվող ճգնաժամին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նաեւ նկատել է, որ Թուրքիան ուզում է, որպեսզի Լիբիայի արեւելքը եւ արեւմուտքը դադարեցնեն ռազմական գործողությունները, հայտնում է Reuters-ը։

«Ես երեք անգամ զանգահարել եմ Քադաֆիին եւ առաջարկել նրան  նախագահ նշանակել, քանի որ ինքն էլ հայտարարում է, որ այլեւս այդ երկրի նախագահը չէ»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ երկիրը ավելի քան 40 տարի ղեկավարած Քադաֆիի դեմ ժողովրդական ապստամբությունը Լիբիայում շարունակվում է փետրվարի 15-ից։ Լիբիան բաժանվել է Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող Արեւմուտքի եւ ապստամբների զինված ուժերի ազդեցության ներքո գտնվող Արեւելքի։ Նշենք, որ Հայաստանը Լիբիայից տարհանել է իր քաղաքացիներին։