Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ ինքնակոչ «աստղաֆիզիկոս» Արթուր Պողոսյանի հետ հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»: Այս մասին նշել է ինքը՝ նախարարը, «Մեդիամաքսի» հետ զրույցում մեկնաբանելով իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրեւ «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց»:

Հրանուշ Հակոբյանն նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով, ապա շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության պաշտոնական հաղորդագրությանը, որտեղ իրենք անդրադարձել են հասարակության շրջանում առաջացած քննադատության ալիքին, Հ. Հակոբյանն ասել է.

«Ես տեղում չեմ եղել, եւ հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»:  Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել», - ասել է Հրանուշ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ի պատասխան ինքնակոչ «աստղաֆիզիկոսին» նախարարությունում ընդունելու եւ պատվելու քննադատության, նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, եւ բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: