Սաուդյան Արաբիայի շուրջ հազար զինծառայողներ մարտի 13-ի երեկոյան հատել են հարեւան Բահրեյնի սահմանը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան մի պաշտոնյայի, ով չի ցանկացել հայտնել իր անունը, հաղորդում է APA-ն:
Բահրեյնում հայտնված Սաուդյան ստորաբաժանումները Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից ստեղծված «Վահան» կորպուսի մի մասն են հանդիսանում:
Նախքան Բահրեյն մուտք գործելը այդ երկրի իշխանությունները նման խնդրանքով դիմել էին Սաուդյան Արաբիային: Բահրեյնի իրավապահներին արդեն մեկ ամիս է, չի հաջողվում ինքնուրույն գլուխ հանել շարունակվող բողոքի ակցիաներից: Ընդիմադիր ուժերը (հիմնականում շիա մեծամասնության ներկայացուցիչներ) պահանջում են լայն քաղաքական իրավունքներ հատկացնել շիաներին եւ սահմանափակել Ալ-Խալիֆի սուննիական ընտանիքի լիազորությունները: Հենց այդ ընտանիքին է պատկանում երկրի թագավոր Համեդ ալ-Խալիֆը եւ վարչապետ Խալիֆ ալ-Խալիֆը։
Դեռեւս անհայտ է, թե ինչ խնդիրներ է լուծելու Սաուդյան Արաբիայից ժամանած ստորաբաժանումը Բահրեյնում: Արտասահմանցի դիտորդները չեն բացառում, որ այդ զորքը կօգտագործվի բողոքի ակցիաները ճնշելու համար:





























