ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը կարծում է, որ Ադրբեջանում առաջընթաց է պետք ժողովրդավարության ոլորտում: Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումներում նա նշել է երկրում քաղաքական բազմակարծության, մամուլի, արտահատվելու, հավաքների ազատության անհրաժեշտությունը, հաղորդում է «Թուրանը»:

«Ժողովրդավարության հիմքը ազատ ընտրություններն են, սակայն վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ոլորտում զգալի զարգացման անհրաժեշտություն կա»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, քաղաքական կուսակցությունները պետք է կարողանան հանդես գալ լրատվամիջոցներում, եւ կոչ է արել կատարելագործել քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, որպեսզի դրանք հնարավորություն ունենա ակտիվ քաղաքական գործունեության համար, ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները նշել են Ադրբեջանում հավաքների ազատության խնդիրները: