Շիրակի մարզում անցած տարիների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարի հիվանդների թիվն ավելացել է, եւ այդ փաստը բժիշկները պայմանավորում են առողջապահական ոլորտում այս տարի ներդրված նոր ծրագրով, որը ենթադրում է, որ 0-7 տարեկան բոլոր երեխաները բուժվելու են պետպատվերի շրջանակներում:
Առավել ծանրաբեռնված ներկայումս աշխատում է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը: Մոտ 5 տասնյակ երեխաներ կան այստեղ հոսպիտալացված՝ թոքաբորբով, վերին շնչուղիների բորբոքումով ու նաեւ գրիպով հիվանդ:
Գյումրիի «Ինֆեկցիոն եւ հակատուբերկուլյոզային» հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենց հիվանդանոցում եւս բարձր է դիմելիության ցուցանիշը: 24 հոսպիտալիզացված հիվանդ կա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Օդակաթիլային վիրուսների տարածման վտանգն այս օրերին մեծ է, ուստի ինֆեկցիոնիստները հատկապես գրիպով հիվանդներին խորհուրդ են տալիս խուսափել հասարակական միաջավայրում գտնվելուց, միաժամանակ նշելով, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ իրավիճակը կկայունանա:





























