Հայաստանի ոստիկանությունում բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` մարտի 14-ին ոստիկանության կոլեգիայի նիստում ուենցած ելույթում: , որպեսզի եւ մենք տեսնենք, եւ դուք տեսնեք, եւ մեր հասարակությունը տեսնի:
«Էական եմ համարում փոփոխությունների կարեւորության ըմբռնումը, ինչը ես այստեղ` ոստիկանությունում տեսնում եմ: Բայց ցանկացած մեծ ծրագիր չի կարող առաջ ընթանալ, եթե չկա միասնական մոտեցում սկզբունքների, նպատակի, ձեւի եւ գաղափարի շուրջ: Այս մասին մենք անընդհատ պետք է խոսենք:
Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ եւ գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման եւ այլ ուղղություններով»,- նշել է նախագահը եւ հավելել. «Մենք հստակ նպատակադրում ունեինք եւ հիմա էլ ունենք ոստիկանների սոցիալական երաշխիքների ապահովման լայն փաթեթի իրականացման ուղղությամբ: Ցավոք տնտեսական ճգնաժամը ուշացրեց մեր ծրագրերը: Չնայած աշխատավարձի ֆոնդը եւ դրույքաչափերը կարողացանք բարձրացնել, բայց դա այն չափով չէր, որ մենք էինք ցանկանում: Փառք Աստծո, տնտեսության հնարավորություններն աճում են, ավելանում է նաեւ համագործակցության ծրագրերի շրջանակը, եւ մենք արդեն կարող ենք նոր արդյունքներ ունենալ այս հարցում: Սա` ի պատասխան ձեր խնդրանքի կամ առաջարկի»:
Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ այսուհետ ավելի խիստ են լինելու անընդունելի երեւույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչեւ ոչ հարիր վարքագիծ եւ պաշտոնեական դիրքի չարաշահում:
«Խիստ ենք լինելու նաեւ փոփոխությունների եւ ձեռքբերումները պահելու հետեւողականության հարցում: Տեսեք, մենք շատ հաճախ ենք անդրադառնում ճանապարհային ոստիկանության խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրում ենք փոփոխություններ, հետո ժամանակի ընթացքում դիտարկում հետընթաց: Սա, կարծես, սովորական է դարձել: Պիտի արագացնենք նոր տեխնիկական համակարգերի, մասնավորապես, ինչպես այստեղ պարոն Օսիկյանը նկարագրեց ծրագիրը, այդ արագության չափման եւ խախտումների գրանցման, տեսախցիկների ներդրման աշխատանքները, նվազագույնի հասցնենք ոստիկան-վարորդ շփումները ու համատեղ ուժերով այս համակարգը դնենք անդառնալի վերելքի ուղու վրա: Հակառակ պարագայում, մեզ ոչ ոք չի հասկանա: Անշուշտ խնդիրները շատ են, բայց մենք կանգնելու կամ դանդաղելու իրավունք չունենք»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ օրենքը ոստիկանին հարկադրանք կիրառելու լիազորություն է տալիս: «Նման լիազորության իրականացումն ահռելի պատասխանատվության բեռ է դնում ձեր ուսերին: Այդ պատասխանատվությունը թերեւս համեմատելի է միայն հիվանդի առջեւ կանգնած վիրաբույժի պատասխանատվության հետ:
Ձեր գործառույթները արդյունավետ իրականացնելու համար կարեւորում եմ մի քանի գործոն.
Առաջին հերթին, կարեւորում եմ ձեր քաղաքացիական գիտակցությունը: Լավ ոստիկանը, լավ քաղաքացի պիտի լինի, կայացած եւ իր առաքելությանը վստահ մարդ:
Երկրորդ, ոստիկանին վերապահելով կարեւորագույն լիազորություններ, օրենքը սահմանափակումներ եւ պահանջներ է ներկայացնում իրավապահին: Որեւէ հարցի կամ երեւույթի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը որեւէ կերպ չպետք է խանգարի այդ խստագույն պահանջների կատարմանը: Սա, իրավամբ, բարդագույն խնդիր է: Սակայն առանց այդ խնդրի հաղթահարման լավ ոստիկան լինել հնարավոր չէ: Իսկ լավ ոստիկանները մեզ շատ են անհրաժեշտ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը` նույնպես:
Երրորդ, ձեզ տրված է հայեցողական որոշումներ կայացնելու լիազորություն եւ պատասխանատվություն: Հնարավոր չէ բոլոր իրավիճակների համար դեղատոմսեր ունենալ, առավել եւս օրենքի մակարդակով: Հնարավոր չէ կանխատեսել բոլոր հակասական իրավիճակները ու կանխել բոլոր իրավախախտումները: Հենց այդ պատճառով է, որ ոստիկանի` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը զուգորդվում է հայեցողության որոշակի տարրերով: Առանց դրանց իրավապահները չեն կարող արդյունավետ գործել»,- նշել է Սերժ Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ վկայակոչված հայեցողությունը պետք է գործի մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության, կամայականության արգելքի սկզբունքների շրջանակում. «Իրավախախտումները թեեւ երբեմն օրինաչափ, սակայն հիմնականում առանձնահատուկ են: Սա է պատճառը, որ էլ ավելի են կարեւորվում այն արժեքներն ու սկզբունքները, որոնց պիտի հետեւի ոստիկանը` ծառայողական պարտականությունները կատարելիս»:
Նախագահը ազդարարել է, որ ոստիկանության որեւէ գործողություն, հասարակության հիմնարար եւ համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմեկնաբանության տեղիք չպետք է տա: «Կնճռոտ հարցեր այստեղ կան եւ կմնան: Սակայն միշտ եւ ամենուր ոստիկանի գործողությունները պիտի դիմանան այդ արժեքների քննությանը: Սա է ոստիկանության, իրավապահ համակարգի հանդեպ վստահության բարձրացման բանալին: Տեսեք, եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, եւ ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` այ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը: Կամ մեկ այլ օրինակ` երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, սպանության փորձ է տեղի ունենում, իրեղեն ապացույցները համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետեւ բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ, այդ հանցագործությունը պարտակվում է, եւ արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանության դեպք եւ, բնականաբար, այդպիսի պատիժ: Ինչպիսի՞ն պետք է լինի նույն Գավառի հասարակության վերաբերմունքը ոստիկանությանը, ինչպիսի՞ն պետք է լինի այլ մարզերի, նույն Երեւանի բնակչության վերաբերմունքը ոստիկանությանը: Ահա այս խնդիրներն են, որ մենք պետք է լուծենք: Եւ սա միայն ոստիկանապետի խնդիրը չէ, միայն փոխոստիկանապետերի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, բոլոր նրանց, ում համար թանկ են ոստիկանության պատիվը, հեղինակությունը»,- նշել է Սարգսյանը:
«Հինգերորդ, ոստիկանության առջեւ դրված խնդիրների իրականացումն ապահովելիս, կարեւորելով ոստիկանների գործողությունների արդյունավետությունը, հիմնական շեշտը շարունակաբար դնելու ենք նրանց գործունեության եւ ծառայողական պարտականությունների հետագա կանոնակարգման, չափանիշների հստակեցման, վարքագծի կանոնների եւ էթիկայի պահանջների հետեւողականորեն կատարման, դրանց հանդեպ վերահսկողության վրա. եվ ամենակարեւորը` պրոֆեսիոնալիզմի անընդհատ բարձրացման վրա:
Միայն այս կերպ կարող ենք էականորեն կրճատել անհետեւողական եւ կամայական որոշումերն ու գործողությունների տարմեկնաբանությունը:
Վեցերորդ, ուզում եմ շեշտել, որ ընթացակարգերը նույնպես պարբերաբար վերանայվելու կարիք ունեն: Դրանք պիտի ժամանակին համաքայլ ընթանան, քանի որ քաղաքացիական հասարակության կայացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը, բազմակարծության ծավալմանը զուգընթաց, հայաստանյան հասարակության արժեքները եւս փոխակերպվում են:
Ոստիկանության գործողությունները կանոնակարգող ընթացակարգերը չպետք է հետ մնան այս փոփոխություններից, այլապես անխուսափելի կլինի այդ արժեքների եւ ոստիկանների՝ դրանց քննությունը չբռնող գործողությունների բախումը: Նման բախման արդյունքում տուժելու է ոստիկանի հանդեպ վստահությունը, թուլանալու են պետությունն ու պետականությունը, մեր հասարակությունը»,- նշել է Սարգսյանը:
Ըստ նախագահի` պիտի հնարավոր բոլոր միջոցներով ամրապնդել ոստիկանի կայացրած որոշման ու նրա գործողությունների եւ հասարակության արժեքների միջեւ կապը: «Չէ որ բոլորիս նպատակը մեկն է` ծառայել մարդուն եւ քաղաքացուն, ամրապնդել մեր հասարակությունն ու պետությունը՝ գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու եւ դրա ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու հարցում:
Յոթերորդ, այս եւ մյուս խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն օրենքների եւ ընթացակարգերի հետագա կատարելագործում, այլեւ ոստիկանների ունակությունների, նրանց պրոֆեսիոնալ կարողությունների հետեւողական եւ անընդհատ զարգացում: Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ոչ համակարգին, ոչ հասարակությանը: Որեւէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետեւ եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի եւ, ընդհանրապես, ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից այդ գործը պետք է սիրի եւ իր պատիվը միշտ պետք է չափվի ոչ միայն իր ուսադիրներով, այլ նաեւ կրծքին եղած նշաններով: Սա է մասնագիտական մոտեցումն այս հարցում»,- նկատել է նախագահը:
«Սխալներ կատարելու իրավունք յուրաքանչյուր ոք ունի, այդ իրավունքն ունեք նաեւ դուք: Չգործելու իրավունք ունեն շատ-շատերը: Դուք այդ իրավունքը չունեք: Ուրեմն պարտավոր եք կրճատել սխալները եւ քայլ առ քայլ հետեւողականորեն առաջ շարժվել»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:





























