Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժը Երկրագնդի առանցքը տեղաշարժել է 10 սանտիմետրով: Սա ամբողջ տիեզերքի չափերի համեմատ չնչին տոկոս է կազմում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Արեգ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ սա երկագնդի ընդամենը 1,60մլն-րդ տոկոսն է կազմում, որն այնքան էլ էական չէ՝ համեմատ ողջ երկրի չափերի հետ։

«Եթե երկրագնդի առանցքը տեղաշարժը լիներ երկրագնդի մեկ տոկոսի չափ, այն արդեն զգալի կլիներ»,- ասաց Ա. Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է օրվա կրճատմանը՝ 1,1 միկրովայրկյանով, դա եւս չնչին շատ տոկոսն է կազմում 24 ժամի հետ համեմատած։

«Երկրաշարժերի ժամանակ նման փոփոխություններ լինում են, պարզապես հիմա ինֆորմացիոն հեղեղ է եւ ինֆորմացիան շատ արագ է տարածվում ու մարդիկ այդ մասին ուղղակի տեղյակ են լինում, ինչը տեղի չէր ունենում օրինակ մի քանի տարի առաջ»,- ասաց Ա. Միքայելյանը։  Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ օրվա կրճատումը՝ 6,8 միկրովայրկյան էր, սակայն դա այդքան բուռն արձագանք չգտավ, քանի որ մարդիկ այդ մասին պարզապես չիմացան։ 

Այդուամենայնիվ, ըստ գիտնականի՝ երկրաշարժերը, հիմնականում չնչին էֆեկտներ են ունենում, եթե տոկոսային նայենք երկրի չափերի համամատ, դրանք չեն կարող երկրի ճակատագրի համար լուրջ ազդեցություն ունենալ։

«Սակայն եթե արտաքին ազդեցություն լինի, օրինակ՝ երկիր մոլորակին բախվի մեկ այլ մոլորակ եւ խառնվի երկրի ուղեծիրը, այդ ժամանակ անգամ չնչին փոփոխությունը կարող է գլոբալ ջերմաստիճանի փոփոխության բերել եւ այլն»,-ասաց Ա. Միքայելյանը։    

Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին երկրշարժերի շարք է եղել, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 9: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափի մոտ, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք: Երկրի ափին ցունամի է եղել: Նախնական տվյալներով, զոհերի եւ անհետ կորածների թիվն անցնու է 4,5 հազարից, սակայն չի բացառվում, որ թիվն աճի: