Ռուսաստանում դատապարտվել են այն վանդալները, ովքեր 2009թ. սեպտեմբերին պղծել էին Դինսկի շրջանի Վասյուրինսկի բնակավայրի գերեզմանատունը: Երկու տղամարդ եւ երկու դեռահասներ ֆաշիստական խորհրդանիշներ էին պատկերել հայերի գերեզմանաքարերի վրա, նաեւ վիրավորական գրառումներ արել:
Չարագործներից մեկին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, իսկ մյուսներին` 1,5 տարվա պայմանական ազատազրկման 1 տարվա փորձաշրջանով:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, դեռ 2009թ. օգոստոսի 30-ին կոտրվել էին Ռուսաստանի Հայերի միության մարզային կառույցի ղեկավարներից մեկի ծնողների գերեզմանաքարերը:
Ոստիկանությունն արձանագրել էր փաստը, սակայն խնդրել էր չբարձրաձայնել: Մի քանի օր անց նույնը կատարվել էր ավելի լայն ծավալով:





























