Հայաստանը պատրաստ է վերադարձնել Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «ի կատարումն ս.թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Կարմիր Խաչի տվյալներով, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը, իսկ Ադրբեջանում ներկայումս պահվում են 6 քաղաքացիական անձինք եւ 6 ռազմագերիներ: