«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի կողմից թանկարժեք «Բենթլի» մեքենա ձեռք բերելու խնդրին, ինչը բուռն քննարկումներ է առաջ բերել հասարակությունում ու սոցցանցերում:

Թերթը գրում է. «Անցած շաբաթվանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նոր փոխադրամիջոցով է գալիս աշխատանքի: Փոխադրամիջոցը կոչվում է «Բենթլի», եւ այս մեքենայի գինը , կախված մոդելից, տատանվում է 100 հազարից մինչեւ 500 եվրո:

«Արդ, այսպես էլ` ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող Իմ աշակերտը լինել»,-այս կապակցությամբ ասել է Հիսուս Քրիստոսը (Ղուկ. 14:33): «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն եւ գույք, այսինքն` այդ մարդն իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ, դրանում ի՞նչ վատ բան կա»,- ի պատասխան` հարց է տվել Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր  սրտերը կլինեն»,-փորձել է բացատրել Հիսուս Քրիստոսը (Մատթ. 6:19-21): «Իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել ա եւ տեղը «Բենթլի» ա տվել: Էդ ինքն ուզեց` ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց: Ի՞նչ կա դրա մեջ»,-արդարացել է Նավասարդ Կճոյանը: Ներկայումս 1710-ամյա քրիստոնյա ազգը երկմտանքի մեջ է, թե ով է հաղթելու այս բանավեճում»: