Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Երեւանում կառուցվելիք նստավայրի եւ դրան կից Սուրբ Աննա եկեղեցու շինարարության համար հայտարարված տենդերի արդյունքներն ամփոփվել են. հաղթող է ճանաչվել «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ընկերությունը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Հրայր Հովնանյանի անձնական ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը՝ հիշեցնելով, որ տենդերին  մասնակցել են բացառապես հայրենական 7 շինարարական ընկերություններ։

Թեպետ նախապես հայտարարվել էր, որ կաթողիկոսական նստավայրի եւ կից  եկեղեցու շինարարությունը կմեկնարկի 2011 թվականի մարտ 1-ին, սակայն ինչպես տեղեկացրեց Նաիրա Մելիքյանը, շինարարության սկիզբը  մի փոքր հետաձգվում է եւ կսկսվի մարտի կեսերին։ «Կառուցապատումը կավարտվի 2-2,5 տարում, շինթույլտվությամբ մեզ ճիշտ այդքան ժամանակ է տրվել»,- ասաց նա։

Նշենք, որ կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունն ամբողջովին հովանավորվում է Հրայր եւ Աննա Հովնանյաններ բարեգործական հիմնադրամի կողմից։ Երեւանի քաղաքապետարանը Աբովյան 15 հասցեում՝ Կաթողիկե մատուռի տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման շինթույլտվություն տրամադրել էր դեռ 2010 թվականի դեկտեմբերի կեսերին։