Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իտալական il Giornale թերթին տված հարցազրույցում ասել է, թե օտարերկրյա զորքերի ներխուժման դեպքում իր երկիրը դուրս կգա ահաբեկչության դեմ պայքարի միջազգային դաշինքից եւ կմիավորվի Ուսամա բեն Լադենի հետ:
«Այդ դեպքում մենք կդառնանք «Ալ-Քաիդայի» դաշնակիցն ու սրբազան պատերազմ կհայտարարենք»,- ասել է Քադաֆին` պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում իր կյանքն ավարտել Սադամ Հուսեյնի պես:
Լիբիայի առաջնորդը նաեւ հերքել է ապստամբների հետ բանակցելու հնարավորությունը` նկատելով, որ նրանք բոլորն էլ ահաբեկիչներ են, որոնց հետ զրուցել չարժե:
Քադաֆին նաեւ դժգոհել է «եվրոպացի ընկերներից», մասնավորապես Իտալիայի վարչապետից: «Ես իսկապես ապշած եմ: Զգում եմ, որ ինձ դավաճանել են: Ես չգիտեմ` ինչ ասել Բեռլուսկոնիին»,- նշել է Քադաֆին:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի կողմից Բենղազիի Ազգային խորհուրդը որպես Լիբիայի միակ օրինակ իշխանություն ճանաչելու հայտարարության մասին, Քադաֆին ասել է. «Կարծում եմ` Սարկոզիի հոգեվիճակը լավ չէ: Այն ինչ ասում է նա, կարող է միայն խելագարի մտքով անցնել»։





























