Երեւանի բյուջեն 2010 թ. ամբողջությամբ չի ստացել նախատեսված եկամուտները։ Այդ մասին կարելի է տեղեկանալ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջից:
Նախատեսված 48,1 մլրդ դրամի (մոտ 130 մլն դոլար) փոխարեն Երեւանի եկամուտները կազմել են 47,6 մլրդ դրամ (կատարողականը՝ 99 տոկոս)։ Ընդ որում՝ սեփական եկամուտների գծով կատարողականը կազմել է 96,6 տոկոս։ Սակայն եթե գույքահարկի գծով վճարումները կատարվել են ամբողջովին, ապա հողի հարկի գծով հավաքագրվել է պլանավորվածի 90,4 տոկոսը:
Ընդհանուր առմամբ՝ գույքահարկը 2010 թ. կազմել է 4 մլրդ դրամ (մոտ 11 մլն դոլար), իսկ հողահարկը՝ 630 մլն դրամ (մոտ 1,7 մլն դոլար)։ Այս 2 հարկատեսակի գծով էլ կուտակվել են զգալի ապառքներ:
Հողի հարկի գծով Երեւանում արդեն կուտակվել է 1,7 մլրդ դրամի ապառք (մոտ 4,6 մլն դոլար), որից 1 մլրդ դրամը (2,7 մլն դոլարը) տույժեր ու տուգանքներ են։ Գույքահարկի ապառքն ավելի մեծ է՝ 7,8 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար), որից 4 մլրդ դրամը (մոտ 11 մլն դոլար)՝ տույժ ու տուգանք:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ին սկսել է Երեւանի 2010 թ. բյուջեի հաշվետվության քննարկումը:





























