Բրյուսելում` Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում մեկնարկել են Հայաստանի վարչապետի եւ նրա ղեկավարած պատվիրակության հանդիպումները տարբեր ուղղությունների հանձնաժողովների նախագահների հետ։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին հանդիպումը եղել էԵվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային եւ մաքսային ոլորտները։ Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարեւորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։
Իր հերթին, Ժոակիմ Ալմունիան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին` խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով եւ կարողություններով օժանդակել հայկական կողմին։





























