Չինական Huawei հեռահաղորդակցային ընկերությունը ԱՄՆ կառավարության դեմ հայց է ներկայացրել պահանջելով իրեն սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը ոչ սահամանդրական ճանաչել: Այս մասին նշվում է չորեքշաբթի ընկերության տարածված հաղորդագրությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Huawei-ը երեքշաբթի հայց է ներկայացրել գործը դատավարության պարզեված կարգով քննելու խնդրաքնով՝ դատարանից պահանջելով այդ օրենսդրական ակտը ոչ սահմանադրական ճանաչել», - նշվում է փաստաթղթում:

Ընկերության հայտարարության համաձայն՝ այդ օրինագիծը ուղղակիորեն Huawei-ին մեղադրում է, ինչպես նաեւ նրա համար մի շարք սահմանափակումներ է սահմանում:

Հաղորդագրությունում նշվում է, որ նման գործողությունների նպատակը ընկերությանը նրա հանրային իրավունքներից զրկելն է, որոնց թվում դատաքննության իրավունքն է, ինչը անմիջականորեն հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը:

Մայիսի 15-ին Թրամփը արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ տեղեկատվական եւ հաղորդակցային  ենթակառուցվածքները արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով մայիսի 17-ից Huawei-ին ներառել է սեւ ցուցակում:

Անցյալ տարվա  օգոստոսին Թրամփը  հրամանագիր էր ստորագրել, որը ԱՄՆ կառավարական մարմիններին արգելում է Huawei- ի եւ ZTE- ի՝ մեկ այլ չինական ընկերության սարքավորումներից օգտվել:

Huawei-ն ԱՄՆ իշխանությունների որոշումն անվանել է ոտնձգություն իր օրինական իրավունքների նկատմամբ: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, այդ որոշման պատճառով ԱՄՆ-ն «հետ կմնա 5G ցանցի տարածման հարցում»: