Pokemon Sleep-ի նոր հավելվածը կօգտագործի տիրոջ քնի մասին տվյալները, որպեսզի «քունը վերածի զվարճության»։ Միլիոնավոր մարդկանց ստիպելով զբոսնել եւ պոկեմոններ որսալ՝ այժմ էլ The Pokemon Company-ն ցանկանում է օգտատերերին սովորեցնել, թե ինչպես պետք է հանգստանալ, գրում է Forbes-ը։
Pokemon Sleep-ը քնի մասին տվյալներ է հավաքելու Pokemon Go Plus + հատուկ սարքի օգնությամբ (ընկերությունն իսկապես օգտագործում է երկու «պլյուս» անվանման մեջ)։ Աքսելոչափի օգնությամբ այն կարող է ուսումնասիրել օգտատիրոջ վարքը քնի մեջ եւ տվյալները փոխանցել սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով։ TechCruch-ը սքրինշոթը բերում է տեսահոլովակից, որը ներկայացրել են Տոկիոյում The Pokemon Company-ի մամուլի ասուլիսում. դրանում երեւում է, որ դեվայսը պարզապես բարձիկի կողքին է։
«Մեզանից յուրաքանչյուրը կյանքի զգալի մասը քնած է անցկացնում։ Դա զվարճանքի վերածելը մեր նոր խնդիրն է»,- ասել է The Pokemon Company-ի գլխավոր տնօրեն Ցունեկազու Իշիհարան։
Ցերեկը սարքը, ինչպես եւ գաջեթի առաջին մոդելը, կարելի կլինի օգտագործել Pokemon Go խաղալու համար։ Բայց թե ինչպես է Pokemon Sleep-ը օգտագործելու քնի մասին տվյալները խաղի համար՝ առայժմ չի բացահայտվում։ Հավելվածի թողարկումը նախատեսված է 2020 թվականին։





























