ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է եվրոպական դաշնակիցների դեմ պայքարը՝ Իրանի հետ առեւտրի պատճառով, գրում է Bloomberg-ը: 

Ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով նախարար տեղակալ Սիգալ Մանդելքերի խոսքով՝ եվրոպական Instex ֆինանսական մեխանիզմը Իրանի հետ առեւտրի պատճառով կարող է անջատվել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից:

«Ես ձեզ կոչ եմ անում մտածել պատժամիջոցների հետեւանքի մասին»,- Instex-ի նախագահ Պեր Ֆիշերին ուղղված նամակում նշել է Մանդելքերը:

Այդ մեխանիզմը ստեղծվել է հունվարին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից: Այն ընկերություններին թույլ է տվել առեւտրային հարաբերություններ հիմնել Իրանի հետ առանց ամերիկյան դոլարի կամ բանկերի, որոնք թույլ են տալիս շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ եվրոպացիները նախկինում թերահավատորեին էին մոտենում Instex-ին Թրամփի վարչակազմի հետ զրույցներում, սակայն անհրաժեշտ է դրան առավել լրջորեն մոտենալ:

Այդ նամակը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ բոլոր նրանք, ովքեր առեւտուր կիրականացնեն իրանական ռեժիմի հետ, պատժամիջոցների տակ կհայտնվեն: