Շոկոլադի արտահանվող արտադրանքը 4 ամսում կազմել է 5 մլն դոլար եւ նախորդ տարվա նկատմամբ բարելավում ունի 34 տոկոսով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, գինիների արտադրությունը եւս աճում է. «Դա լավ նորություն է, որովհետեւ այստեղ ունեինք ժամանակավոր դժվարություններ: Լավ լուրն այն է, որ երբ գինու աճը սահմանափակված է, կոնյակը, որ գինու մրցակիցն է, գուցե թույլ չի տալիս, որ այս ոլորտը արագ զարգանա միանգամից: Գինիների արտահանման ոլորտում 4 ամսում ունեցել ենք 11 տոկոսի աճ»:
Նախարարը խոսեց նաեւ արդյունաբերական արտադրանքի արտահանման մասին. «Լեռնահանքային արտադրանքը Թեղուտի պատճառով 15 տոկոսով ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչը նշանակում է, որ եթե առանձնացնում ենք լեռնահանքային ոլորտը, ապա վերամշակող արդյունաբերությունը այս տարվա 4 ամսում աճել է ոչ թե 4,5 տոկոսով, այլ 10 տոկոսով:
Ծառայությունները, որոնք աճել են 16,2 տոկոսով, իրենց մեջ պարունակում են երկու կարեւոր բաղադրիչ: Զբոսաշրջության հետ կապ ունեցող կեցության եւ հանրային սննդի ոլորտը աճել է ավելի քան 26 տոկոսով: Ոչ պակաս կարեւոր է, որ ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունները առաջին եռամսյակում աճել են 20 տոկոսով:
Վերջին լավ լուրն այն է, որ եթե առաջին երեք ամիսներին ունեինք նվազում կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման մեջ, ապրիլին աճը կազմել է 12,7 տոկոս»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:











