Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ, երչկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հայտարարություն ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները. «Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»։











