2019 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«2019 թվականի առաջին 4 ամիսների հանրագումարով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվություն։ Առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել եւ տնտեսական աճի թիվը ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվությունը։ Եռամսյակի տնտեսական աճի թիվը եղել է 7.1 տոկոս, եւ 9.2 տոկոս՝ չորրորդ ամսվա տնտեսական ակտիվությունը, 7 տոկոս եղել է 4 ամիսների տնտեսական ակտիվությունը»,–նշեց նա։
Նախարարը վստահություն հայտնեց, որ տարվա 6 ամիսների կտրվածքով կունենանք 7 տոկոս տնտեսական աճ։
Դիտարկմանը, թե արտահանման եւ ներկրման անկում կա, Տիգրան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են. «Դրանցից մեկի օրինակով ես պարզաբանեցի, որ, օրինակ, «Արմենալ»–ի դեպքում մինչեւ առաջին եռամսյակը պահպանվում էր արտաքին շուկաների որոշակի սահմանափակում՝ պայմանավորված նրանով, որ բաժնետերերի հետ կապված որոշակի սանկցիոն միջոցառումներ կային դրսի շուկաներում, դրանք սակայն արդեն ըստ էության հանված են, 4-րդ ամսավա ցուցանիշը վկայում է, որ նրանք շարունակում են ընդլայնվել։ Հաջորդ ամսիսների համար ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ եւ այն դիրքերում, որտեղ ունեինք ժամանակավոր նվազեցումներ, ունենք վերականգնման միտումներ»։











