Քիչ առաջ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց: Ցուցարարները բացեցին ճանապարհը, այն պայմանով, որ վաղը հարցին հստակ լուծում է տրվելու: Վաղը բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քիչ առաջ զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, եւ եղավ պայմանավորվածություն, որ  ակցիայի մասնակիցներին ընդունի, եւ ունենան քննարկում հարցի լուծման համար: Ցուցարարներն ասացին, որ վաղը, մինչեւ կեսօր կսպասեն հարցի լուծմանը, հակառակ դեպքում՝ կրկին դիմելու են բողոքի տարբեր տեսակներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, առավոտից Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել էին ճանապարհը եւ բողոքի ակցիա էին իրականացնում:

Այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարները:

Նշենք, որ բողոքի ցույցին մասնակցում էին շինարարական 19 ընկերություններ, որոնք իրականացրել են Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությունը: Բողոքի ակցիայի մասնակիցներին էր միացել նաեւ որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: