Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու հարցով միջնորդություն ներկայացնելը որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ձեր հարցն այն մասին է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդել են եւ դրա համար մենք նեղացել ենք եւ չենք հրավիրել Սարդարապատի միջոցառումների՞ն:
Հայաստանի եւ Արցախի միջեւ որեւէ բան չի կարող սեպ խրել երբեք: Դա անթույլատրելի է եւ որեւէ մեկը փորձի այդպիսի սեպ խրել, ես դա կորակեմ որպես ազգային դավաճանություն»,-ասաց Միրզոյանը:
Նա չցանկացավ մեկնաբանել Արցախի նախագահների միջնորդությունը. «Խոսքը դատական գործընթացի մասին է: Ես միշտ աշխատում եմ ձեռնպահ մնալ մեկնաբանել որեւէ իրադարձություն, որը ոչ միայն տեղավորվում է դատական պրոցեսի մեջ, այլ նույնիսկ առնչվում է: Հիմա հստակ դատական պրոցեսի մասին է խոսքը: Ժամանակը բոլոր գնահատականները կտա:
Մարդիկ անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություններ անել: Մենք մեր խոսքով, գործողություններով կերտում ենք մեր ճանապարհը, որըե հետո հետագիծ է դառնալու: Հիմա այդ մարդիկ որոշել են այդ քայլով մնալ»:
Հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞, որ երբ «մարտի 1»-ի գործով տարիներ շարունակ հակառակ կողմի մարդիկ էին դատվում,, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը լռում էին, նա արձագանքեց. «Իհարկե, տարօրինակ է: Առիթ չի եղել այդ հարցը տալ իրենց, բայց լավ հարց եք հուշում, հաջորդ հանդիպման ժամանակ կտամ»:





























