Ապացույցներն այն մասին, որ Իրանը պատասխանտու է Պարսից ծոցում նավթային տանկերների եւ խողովակաշարերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների համար, ՄԱԿ ԱԽ-ին կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգտության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Guardian.-ը:

Ավելի վաղ նա ասել էր, որ Իրանը գրեթե անկասկած պատասխանտու է հարձակումների համար, սակայն  ոչ մի ապացույց չէր ներկաայացրել:

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, անկախ ապացույցներից, կարծում է, որ այդ հարձակումների հետեւում կանգնած է մեկ ուրիշը, բացի  Իրանից եւ նրա կամակատարներից», - ասել է Բոլթոնը:

Մայիսի սկզբին ԱՄԷ-ում սաբոտաժի արդյունքում վնասվել էին չորս նավթային տանկերներ:

Նախօրեին Բոլթոնն ասել էր, որ Իրանի կողմից սպառնալիքը չի վերացել, նշելով, որ ԱՄՆ-ի արագ արձագանքը եւ Պարսից ծոց լրացուցիչ զորքերի, ավիակիրների եւ ռմբակոծիչների ուղարկումը կանխող գործոն են դարձել:

Բոլթոնը նաեւ ասել է, որ Իրանը  պետք է պատասխանատվություն  կրի քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանների, նավթային տանկերների եւ Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումների համար, որոնք իրականացվել են Եմենի ապստամբների կողմից:

 «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ  Իրանին պատասխանատվության ենթարկել առանց լրացուցիչ տեղեկությունների՝ նման զենքի տրամադրման կանխատեսելի հետեւանքների պատճառով», - ասել է նա: