Ռուսաստանն Իրանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելու հայտ չի ստացել, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իրազեկ ռուսաստանյան աղբյուրին։

«Իրանը չի դիմել Ս-400-ների հայտով։ Ռուսաստանը շարունակում է համագործակցությունն Իրանի հետ ավելի վաղ մատակարարված Ս-300 համալիրների սպասարկման շրջանակում. այդ պարտավորությունները կատարվում են լրիվ ծավալով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է պայմանագիր կնքել Իրանի հետ Ս-400 գնելու վերաբերյալ։ Գործակալությունը հղում է կատարում մի քանի աղբյուրների, այդ թվում անունը չնշած բարձրաստիճան ռուս պաշտոնյայի։

«Ռուսաստանը մերժել է Ս-400 գնելու իրանական հայտը՝ որոշելով, որ այդ համակարգերի վաճառքը կհանգեցնի լարվածության խորացման Մերձավոր Արեւելքում»,- պնդում են գործակալության զրուցակիցները։

2016-ին Ռուսաստանը կատարել է Իրանին Ս-300 ՀՕՊ մատակարարելու պայմանագիրը։ Դրանք պաշտպանական համակարգեր են, որոնք չեն ընկնում ՄԱԿ ԱԽ սահմանափակումների տակ։ Իրանը ՌԴ-ին վճարել է 1 մլրդ դոլար Ս-300-ների համար։