Ղարաբաղի հարցը մեզ համար լուծված է, փակված է արդեն 30 տարի. ժողովուրդը Արցախի հարցը կարգավորել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք խնդիրը կարգավորել ենք, մեզ պետք է միջազգային ճանաչում որպես անկախ պետություն: Մենք ոչ մի մտահոգություն չունենք, ինչ պետք է արվեր, արվել է, Արցախի ժողովուրդն իր հարցերը լուծել է, միայն մնում է միջազգային ճանաչում: Մնացածը ԱԺ-ն, նախագահը, պատգամավորները կքննարկեն, ոնց ձեռնտու է իրենց երկրին, անկախ պետությանը, այդպես էլ կլինի»,-հայտարարեց Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս ՀՀ վարչապետը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Շատ լավ եմ վերաբերվում: Այո, Արցախը անկախ պետություն է, իրենք միշտ եղել են բանակցության մեջ, հիմա պետք է ավելի օֆիցիալ լինեն, եւ այդ հիմնական խնդիրը լուծված ա»,- նկատեց նա:





























