Իրականությանը չեն համապատասխանում թուրքական լրատվամիջոցների («Զաման», «Ռադիկալ» եւ այլն) տարածած լուրերը, թե հայկական ատոմակայանը Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից դասվում է ամենավտանգավոր ատոմակայանների շարքում, որ ատոմակայանի 1-ին էներգաբլոկը չունի սեյսմակայունություն, բացակայում է միջուկային վառելիքի պահուստավորման ավազանը եւ այլն։

Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երբեւէ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ նման գնահատական չի տվել։ «1992-93 թ.-ին  նման տեղեկատվություն պարունակող ոչ մասնագիտական հոդված է տպագրվել, գուցե նրանք դա վերցրել են եւ տարածել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։  

Ինչ վերաբերում է ատոմակայանի 1-ին էներգաբլոկի սեյսմակայունությանը, ապա Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ատոմակայանի 1-ին էներգաբլոկը արդեն 22 տարի է՝ դադարեցրել է իր աշխատանքը, ռեակտորում միջուկային վառելիք չկա, իսկ էներգաբլոկը ունի  բավարար անվտանգության մակարդակ։

«1-ին էներգաբլոկը անվտանգ է անգամ առավելագույն հաշվարկային երկրաշարժի ժամանակ»,-ասաց Ա. Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ատոմակայանը չունի միջուկային վառելիքի պահպանության ավազան, Ա. Մարտիրոսյանն ուղղակի անգրագիտություն որակեց։ «Իհարկե՝ մեր ատոմակայանն ունի պահեստարան, որը կառուցվել է դեռեւս 2000 թ.՝ Ֆրանսիայի օգնությամբ ու ամերիկյան նախագծով։ Ատոմակայանն ունի նաեւ չոր պահեստարաններ»,-ասաց Ա. Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ Հայատանի ատոմակայանն ունի 3 պահեստարան՝ գլխավոր պահպանման ավազան  եւ չոր պահեստարաններ՝ օգտագործված միջուկային վառելիքի համար։