Մենք այս տարի 17–18 ժամյա ջրամատակարարումով համայնքներում ավելի քիչ ռեսուրս ու էներգիա ենք ծախսել, դա ուղորդելով Արարատյան դաշտի գյուղական համայնքներ, որտեղ մարդիկ ջուր են ստացել 2–3 ժամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը։
Նրա խոսքով՝ ամռան ամիսներին գրաֆիկի հետ կապված մշտապես դժգոհություններ են լինում բնակիչների կողմից, դա բացատրեց ջրի ծավալների սպառման ավելացմամբ։
«Մենք հայերս ունենք բնավորության մի գիծ, որ ջուրը ենթակա է շռայլման, դրանով ե՛վ ոռոգում ենք, ե՛վ փողոցներն ենք լվանում ե՛վ գորգեր ենք լվանում։ Այդ ամենը մեծ ազդեցություն է ունենում համակարգի վրա. նվազագույն գրաֆիկին վերադառնալը պայմանավորված է դրանով»,– ասաց Օհանյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրեն Արամ Սահակյանի խոսքով ցանցում լոգերներ են տեղադրել։
«Դրանք պարբերաբար գրանցում են, թե ջրային համակարգում ինչ որոկի ծառայություն է մատուցվում, մասնավորապես ինչքան է ջրամատակարարման տուղությունը եւ ճնշումը։ մենք չենք կարող ջրամատակարարում չապահովել եւ ասենք, որ ապահովել ենք, քանի որ տվյալ սարքերը ամեն ինչ գրանցում են այդ ամենը»,– ասաց Սահակյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանը խոսքով ջրի որակի բարձրացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, փոխվել են ջրամատադրության բոլոր 57 պոմպակայանների պոմպերի ատրեգադները։
«Փոփոխության արդյունքում ունեցանք համակարգի հուսալիության բարձրացում, ինչպես նաեւ տարեկան 4.7 մլն կիլովատ էլեկտրաէներգիայի տնտեսում։ Քանի որ այդ աշխատանքներն ավարտվել են 2018թ.–ի կեսից, ամբողջական մեկ տարվա կտրվածքով նախատեսում ենք այս տարի եւս ունենալ 3.3 միլիոն կիլովատ էներգիայի տնտեսում։ 2019թ.–ի ընթացքում նախատեսում ենք ջրառը կրճատել շուրջ 40 միլիոն խորանարդ մետրով։











