Ցավոք սրտի, ԱԳՆ-ն վաղուց պետք է նման արձագանքներով հանդես գար, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ԱԳՆ երեկվա հայտարարությանը, որում կոշտ քննադատվում էին Ադրբեջանի քայլերը՝ իրավիճակը սրելու ուղղությամբ։
«Ցավոք սրտի ԱԳՆ-ն վաղուց պետք է նման արձագանքով հանդես գար, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին եւ Հայաստանի իշխանությունները շատ մեծ հույսեր չպետք է կապեին պաշտոնական Բաքվի հետ բանակցություններ վարելու հետ: Պարոն Փաշինյանը, չակերտավոր ասած, հիացած խոսում էր Ալիեւի կիրթ լինելու մասին, իր ու Ալիեւի Դուշանբեում վերելակային դիվանագիտության մասին, Զոհրաբ Մնացականյանի տարօրինակ մի քանի ժամյա հանդիպումները Էլմար Մամեդյարովի հետ Փարիզում, դրա համար մարդ պետք է պատմություն գիտենա եւ իրականությունից չկտրվի, որպեսզի հիմա չհայտնվի այսպիսի իրավիճակում»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի հետ ամեն անգամ, այսպես ասած, «ֆլիրտը» շատ ծանր հետեւանքներ է ունենալու հայկական կողմերի համար, քանի որ հայ պաշտոնյաների գովերգումները Բաքվում ընդունում են որպես թուլություն հայկական կողմից:
«Այո, հայկական կողմերը չեն ուզում պատերազմ, բայց միեւնույն ժամանակ չպետք է վախենան պատերազմից, իսկ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանին համարժեք պատասխան տալու եւ այս առումով ԱԳՆ-ն դեռ վաղուց պետք է նման կոշտ ձեւով աձագանքեր Ադրբեջանի սադրանքներին: Քանի դեռ մենք լռում ենք, դրանից օգտվում է Ադրբեջանը»,- հավելեց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով` պատերազմի հավանականությունը միշտ էլ առկա է, հատկապես 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո. «Երբ Ադրբեջանը հասկանա, որ ինքը 100 տոկոսով կարող է հաղթանակ տանել, բացարձակ որեւէ մեկի կարծիքը հաշվի չառնելով՝ նախահարձակ կլինի, Ադրբեջանի համար ընդամենը մեկ խնդիր կա` ինքն իր մեջ երաշխիքներ ունենա, որ կհաղթի, քանի որ պարտությունը կնշանակի ալիեւյան կլանի կրախ, իշխանության կորուստ, որը ծայրահեղ հետեւանքներ կունենա Ալիեւի ընտանիքի եւ նրա շրջապատի վրա»:
Նշենք, որ երեկ երեկոյան ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ խստորեն քննադատելով Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները:
Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի միտումնավոր քայլերը. ԱԳՆ





























