Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 16-ին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկին:  Նա ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Շվեյցարիայի նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան շատ լավ հնարավորություն է խոսելու երկկողմ հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:

Սերժ Սարգսյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Երկրի ղեկավարը կարեւորել է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմակողմ ձեւաչափով` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում համագործակցությունը եւս: