«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ:

Օդանավակայանի մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում են, որ իրենց անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը,  որ ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի  մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը: 

«Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշենք, որ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը  ձեռք է բերում  «Արմավիա» ավիաընկերության  բաժնետիրոջը պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունից եւ վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  սահմանած բանաձեւի: Ընդ որում  ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղեւորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար եւ հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: 

Նշվում է նաեւ, որ «Արմենիա» միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները  սահմանվել են 2005թ.` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը եւ առ այսօր չեն փոփոխվել:

Հիշեցնենք, որ «Արմավիան» այսօր մեկ ժամով դադարեցրել է իր չվերթները, ի նշան բողոքի օդանավակայանի սահմանած բարձր գների: