Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 16-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող տարբեր հարցեր:
Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը անընդունելի է եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նախագահ Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության եւ խաղաղության պահպանման գործում:
Բակո Սահակյանը մեկ անգամ եւս միջնորդների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա եւ կոչ արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այն փոխելու ուղղությամբ: Նախագահ Սահակյանի խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որեւէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:




























