Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն՝ «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am–ը Մուշեղյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ արդյունքում են նրա եկամուտներն աճել 10 մլն դրամով, և ի՞նչ միջոցներով է նա նախորդ տարի թանկարժեք մեքենա գնել։

Հրաչ Մուշեղյանը պատասխանեց, որ քննիչի աշխատանքից զատ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում։

«Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»,- ասաց նա։

Նշենք, որ Հրաչ Մուշեղյանը ներկայումս զբաղեցնում է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը։

Հրաչյա Մուշեղյանն անցյալ տարվա ընթացքում 500 հազար դրամով վաճառել է Vaz 21 ավտոմեքենա և 4 մլն դրամով գնել է Mercedes Benz S 550 4 Matic մոդելի ավտոմեքենա: Միաժամանակ քննիչի փոխառությունները տարեվերջին 2.1 մլն դրամ են կազմել: Նրա դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամով ավելացել են: