Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիի հետ քննարկել է հայ-բելգիական երկկողմ կապերի հետագա ակտիվացման հնարավորությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին, նշել է, որ Հայաստանի ընդհանուր բարեփոխումների մեջ կարեւոր մաս են կազմում հարկային եւ մաքսային ոլորտները, ինչն ընդգրկված է նաեւ Եվրահանձնաժողովի հետ ունեցած բոլոր քննարկումների օրակարգում։

«Հասկանալի է, որ ԵՄ-ից ակնկալում ենք տեխնիկական աջակցություն եւ փորձի տրամադրում։ Երեկ Բարոզուի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվեց այս խնդիրը։ Հանձնարարական է տրված բոլոր կառույցներին՝ քննարկել հնչած առաջարկները, որպեսզի ԵՄ-ի աջակցությամբ կարողանանք նոր թափ հաղորդել մեր բարեփոխումներին»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք, որ դեռեւս 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, բանաձեւ է ընդունել, որով վկայակոչել է դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության ոճրի կանխարգելման եւ դատապարտման մասին» կոնվենցիան Եվրոպական Խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձեւը եւ կոչ արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից 1915թ. իրականացված ցեղասպանության իրողությունը»:

Բանաձեւում նշվում է, որ անցյալի ոճիրների եւ սխալների ընդունումը ժողովուրդների վերահաշտեցման նախապայմանն է, իսկ անցյալ վարչակարգերի ոճիրների ճանաչումը նշանակում է հրաժարվել դրանց կրկնությունից։ Կոչի նպատակն է հաշտեցման եզրեր գտնել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ։ Բանաձեւն ընդունվել է 48 կողմ եւ 9 ձեռնպահ ձայներով։ Բանաձեւի նախագիծը ներկայացվել էր Սենատի բոլոր կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ։