ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը մարտի 16-ին Երեւանում հանդիպել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ, որին չի մասնակցել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եռօրյա այցի ընթացքում  համազեկուցողները նպատակ ունեն ծանոթանալ Հայաստանի ստանձնած պարտականությունների ու հանձնառությունների կատարման ընթացքին, լսել քաղաքական դաշտում առկա տեսակետները եւ իրավիճակն ավելի լավ հասկանալ:

Նրանց ուշադրության առանցքում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ինչպես նաեւ փոփոխությունները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, 2008 թ. մարտյան դեպքերից հետո անազատության մեջ գտնվող անձանց գործերը, արդարադատության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումները, նաեւ` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները:  ԵԽԽՎ ներկայացուցիչը նշել է, որ գնահատում են կատարված դրական փոփոխությունները,  սակայն որոշ հարցեր  դեռ  լուծման կարիք ունեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հյուրերին տեղեկացրել է ընտրական օրենսգրքի փոփոխության` 11 կետից կազմված իրենց առաջարկի մասին: ՀՅԴ խմբակցությունը շրջանառելու է օրենսգրքի փոփոխման այլընտրանքային տարբերակ: Խմբակցությունն առաջարկներ ունի  նաեւ հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերաբերյալ` կամայական ու տեխնիկական պատճառաբանություններով հանրահավաքներն արգելելու դեմ:  Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խմբակցությունը գտնում է, որ նոր քննարկումներրի անհրաժեշտություն կա` 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Նաեւ նշել է, որ համաներումից հետո էլ դեռ կան անազատության մեջ գտնվող անձինք:  

 Դավիթ Հարությունյանը եւս անդրադարձել է համազեկուցողներին հետաքրքրող հարցերին: Նա նշել է, որ համաներումը տարածվել է մարտի 1-2-ի դեպքերի համար կալանված բոլոր քաղաքացիների վրա` մի մասն ազատ է արձակվել, մի մասի պատժաչափը կրճատվել է, եւ այսօր էլ շարունակվում են քննարկվել օրենքով նախատեսված` վաղաժամկետ ազատ արձակման  հնարավորությունները:

Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ առաջիկա քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել հանրահավաքների անցկացման մասին նախագիծ: