Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, ՌԲԿ-ին հայտնել է սպանվածի հայրը՝ Ալեքսեյ Բելյանկինը:
«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում էին տեղում: Նրանք ինձ ասացին, որ բոլոր կասկածյալներին պարզել են, մեկը ձերբակալված է, նրա հետ հիմա աշխատում են քննիչները: Ֆիգուրանտների մեծ մասը Հայաստան է մեկնել: Ինձ ասացին, որ Հայաստանն այսպիսի գործով բոլորին կհանձնի, դա գրեթե հաստատ է»,- ասել է Ալեքսեյ Բելյանկինը:
«Չենք մեկնաբանում: Քննիչները գործով ակտիվորեն աշխատում են»,- ՌԲԿ-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
РЕН ТВ-ին հայտնի են դարձել մորձմոսկովյան Պուտիլկովո գյուղում 24-ամյա հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննության մանրամասները: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործով կասկածյալներից մեկը՝ Գրիգոր Օ.-ն «Բիր-Հաուս» բարի տերն է, որի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որն ավարտվել է ողբերգությամբ: Տեղեկությունների համաձայն՝ հաստատության տերը սպանության հաջորդ օրը երկրից փախել է՝ նա ամենավաղ չվերթով Երեւան է մեկնել:
Բելյանկինի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ քննիչները պարզել են ծեծկռտուքի մասնակիցներին: Սպանության քննությունը փոխանցվել է գերատեսչության կենտրոնական ապարատին:
Նիկիտա Բելյանկինը Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում սպանվել է հունիսի 2-ի գիշերը: Նա միջամտել է «Բիր-Հաուս» բարի մոտ տեղի ունեցող ծեծկռտուքին: Հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկը տրավմատիկ ատրճանակով նախազգուշացնող կրակոց է արձակել օդ, որպեսզի ուշադրությունն իր վրա գրավի:
Դրանից հետո Բելյանկինին գետնին են գցել եւ սկսել ծեծել, պատմում է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է ազատվել եւ եւս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը նրան հարվածել է դանակով:






























